ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» բազմազգ ինտելեկտուալ խաղ՝ նվիրված Մեծ հայրենականի հաղթանակի 70-ամյակին

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» բազմազգ ինտելեկտուալ խաղ՝ նվիրված Մեծ հայրենականի հաղթանակի 70-ամյակին
28.02.2015 | 21:10

Փետրվարի 28-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և մոսկովյան Հյուսիս-Հարավ քաղաքագիտական կենտրոնը, Գիտակների հայկական ասոցիացիայի և ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ, Երևանում տեղի ունեցող Եվրասիական պատմաբանների ակումբի առաջին նստաշրջանի շրջանակներում անցկացրին «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղ։ Այն նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին:

Խաղին մասնակցում էին պատմաբաններ, քաղաքագետներ, լրագրողներ Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Բելառուսից, Տաջիկստանից և Ղրղզստանից:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, ողջունելով բազմազգ ինտելեկտուալ խաղը, նշեց, որ այսպիսով իրենց հարգանքի տուրքն են մատուցում այն անձանց, ում շնորհիվ կերտվել է Մեծ հայրենականի հաղթանակը։ Ըստ Կարեն Ավագյանի՝ ինտերակտիվ այս հարթակը թույլ կտա վերագնահատել պատմության դասերը։
Ինտելեկտուալ խաղի մասնակից, լրագրող, քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը նկատեց. «Վերջերս որոշակի վերաբերմունքի փոփոխություն կա Մեծ հայրենականի նկատմամբ (հատկապես Արևմուտքում)։ Ուզում ենք տեսնել՝ Հայաստանում և հետխորհրդային մյուս հանրապետություններում երիտասարդ մասնագետներն ինչպես են վերաբերվում իրենց պապերի հաղթանակին։ Այդ իսկ պատճառով որոշվեց գիտական քննարկումներին զուգահեռ ծրագրում ներառել նաև այս խաղ-մրցույթը»։
Ինտելեկտուալ խաղն ընթացավ երկու փուլով՝ յուրաքանչյուրում 15-ական հարց։ Պատասխանները ոչ միայն գիտելիքների պաշար էին պահանջում, այլև տրամաբանություն։ Խաղը վարող, «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի գլխավոր խմբագիր Վահան Զաքարյանը նշեց, որ հարցերը հիմնականում վերաբերում էին Երկրորդ աշխարհամարտին, դրանք համապատասխանում էին «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի ձևաչափին. ամենակարևորը տրամաբանությունն է, բնականաբար՝ նաև իմացական գիտելիքները։
Հյուսիս-Հարավ քաղաքագիտական կենտրոնի գործադիր տնօրեն Յուլյա Յակուշևան, անդրադառնալով փետրվարի 27-28-ը Երևանում անցկացվող Եվրասիական պատմաբանների ակումբի առաջին նստաշրջանին, նշեց, որ այն համախմբում է երիտասարդ մասնագետների՝ քաղաքագետներ, պատմաբաններ, միջազգայինագետներ, լրագրողներ։ Ծրագրի շրջանակներում ընթանում են քննարկումներ, վարպետության դասեր, դասախոսություններ, կլոր սեղաններ։ «Երկօրյա հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել աշխարհաքաղաքական խնդիրների, սոցիալական ցանցերում Հայրենական մեծ պատերազմի թեմային, նախկին ԽՍՀՄ ժողովուրդների՝ Մեծ հայրենականի հաղթանակի գործում ունեցած ավանդին և այլն։ Հաղթանակը Խորհրդային Միության բոլոր հանրապետությունների, բոլոր ժողովուրդների ընդհանուր ձեռքբերումն է, և մենք ցանկանում ենք ընդգծել թե′ հայ, թե′ մյուս ժողովուրդների ներդրումը պատմական այդ մեծ իրադարձությանը»,- նշեց Յուլյա Յակուշևան՝ ավելացնելով, որ այս ծրագրի շրջանակներում անցկացվելու է ևս 3 նստաշրջան, իսկ արդյունքներն ամփոփվելու են տարվա վերջին Մոսկվայում։

Դիտվել է՝ 1319

Մեկնաբանություններ